ԱԻՆ-ը գործողություններ է անում․ ԵՊՀ ռեկտորը՝ բուհի մասնաշենքում բռնկված հրդեհի մասին
«Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի դեռ ԱԻՆ-ը գործողություններ է անում»։
Այս մասին ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
«Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ։ Հիմա ես չեմ կարող ասել, քանի դեռ գործողություններ են անում»,-ասաց ռեկտորը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանում հրդեհ է տեղի ունեցել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը պարզաբանել էր՝ հրդեհը տեղի է ունեցել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։ Նախնական վարկածով՝ այն առաջացել է հոսանքի տատանումից։
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ և մահվան դեպք: Երեք տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:
Ըստ ԵՊՀ խոսնակի՝ հրդեհի հետևանքով զոհը եղել է ԵՊՀ տնտեսական համակազմի աշխատակից, ուսանողներ և դասախոսներ չեն տուժել։