Նոր վարկ. Հայաստանը ՕՊԵԿ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրին` 50 մլն եվրո արժողությամբ:
Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։
Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2023-ի բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված՝ մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է մասնավորապես հետևյալ միջոցառումները, որոնք իրենց հերթին բաղկացած են նաև ենթամիջոցառումներից.
Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում.
ա) հանրային ներդրումների կառավարում
բ) էներգաարդյունավետության խթանում
գ) մթնոլորտային օդի պահպանություն
դ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:
Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում.
ա) սոցիալական աջակցության համակարգի հասցեականության բարելավում
բ) դեպի ուսումնառության վերջնարդյունքներ ուղղվող՝ կարողությունների վրա հիմնված նոր կրթական ծրագրի ներդրում:
Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում
ա) պետական օժանդակության գնահատում
բ) արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար: