«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը 2019 թվականին տուն է գնել. ինչ ունեցվածք ունի Բաքոյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ապօրինաբար լիազորություններից զրկելուց հետո հանձնաժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, որը կրթաթոշակ է ստանում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է 8 մլն 785 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 576 հազար դրամը կրթաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
8 մլն 209 հազար դրամ Բաքոյանը աշխատանքի վարձատրություն է ստանում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Բաքոյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, որը գտնվում է Արարատի մարզի Վեդի համայնքում. այն ձեռք է բերվել 2019 թվականին։ Բնակելի տան ձեռք բերման եղանակը Բաքոյանը չի նշել։ Բաքոյանն այլ անշարժ գույք չի հայտարարագրել եւ չի հայտարարագրել նաեւ տրանսպորտային միջոց։ Բաքոյանը, սակայն, հայտարարագրում նշել է, որ 90 օրից ավելի շահագործում է մեքենա, որը փաստացի իրեն չի պատկանում, այսինքն՝ մեքենա է վարում, որն իր անունով չէ:
Նա նաեւ Ռուսաստանում մի բնակարանի հետ է առնչվում, որի մասին մամուլը գրել էր, բայց էլի ոչինչ չկա իր անունով պաշտոնապես: Բաքոյանի բանկային դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 185 հազար դրամ, սակայն տարեվերջին դրանք զրոյացել են։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 18 հազար ԱՄՆ դոլար եւ 23 մլն դրամ։
Բաքոյանի հայրը՝ Քուպար Բաքոյանը, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում։ Հոր կանխիկ դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 442 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Մայրը՝ Զուրբա Բաքոյանը, հայտարարագրել է նույն բնակարանը, ինչ որ որդին։
Մոր տարեկան եկամուտները կազմել են 451 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։
Հիշեցնենք նաեւ, որ Բաքոյանը հայտնի է իր իմպուլսիվ բնավորությամբ. պարբերաբար կռիվների ու կրիմինալ պատմությունների կիզակետում է հայտնվում: Անգամ նրա քաղաքացիական կինը հրապարակավ հայտարարեց, որ պատգամավոր Բաքոյանը իրեն պարբերաբար ծեծել է եւ գումար պահանջել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում