«Հրապարակ». ՔՊ-ում փակ հանդիպում է տեղի ունեցել. ՀՌՀ անդամ կընտրեն
«Հրապարակ». թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ փակ քննարկում է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամության թեկնածուների հետ։ Մեզ ասացին, որ թեկնածուները եղել են չորսը, սակայն հանդիպումից հետո ՔՊ-ում հավանություն են տվել լրագրող, թատերագետ, media.am կայքի հեղինակ Նունե Հախվերդյանին, ում վերջին հրապարակումը վերաբերում է ռուսական Առաջին ալիքով «Տուտտի թագաժառանգի տիկնիկները» հաղորդմանը, որտեղ Նիկոլ Փաշինյանին էին վերլուծել։ Հախվերդյանի հոդվածի վերնագիրն է՝ «Ռուսական տեղեկատվական հարձակումն օգտակար է»: Մյուս թեկնածուները, ակնհայտորեն, շոգեքարշի դեր են խաղացել, որպեսզի չստացվի, թե մրցակցություն չկա` եղել են անծանոթ դեմքեր։
Նշենք նաեւ, որ ՀՌՀ-ն այս պահին ունի 4 անդամ, չնայած օրենքը հանձնաժողովին մինչեւ 7 անդամ ունենալու հնարավորություն է ընձեռել։ Ամենայն հավանականությամբ, նոր անդամին կընտրեն հաջորդ քառօրյայի ընթացքում: Ի դեպ, գալիք շաբաթ խորհրդարանում արտահերթ նիստեր են սպասվում, նախնական տեղեկություններով՝ արտահերթներից մեկը կարող է լինել նոյեմբերի 21-ին: Պետք է նաեւ բյուջեի նախագիծը քվեարկեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում