Եգիպտոսը հայտարարել է Գազայի հատվածի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի կատարման անհրաժեշտության մասին
Եգիպտոսն ընդգծում է Գազայի հատվածի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելի վաղ ընդունել էր Մալթայի բանաձևը, որում հիմնական շեշտը դրված էր Գազայի հատվածում երեխաների պաշտպանության խնդրի վրա։ Բանաձևին կողմ է քվեարկել 12 երկիր։ Երեքը ձեռնպահ են մնացել, այդ թվում՝ Ռուսաստանը, քանի որ անհապաղ զինադադարի մասին նրա պահանջը ներառված չէր նախագծում, ինչպես նաև Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, քանի որ տեքստը չի պարունակում ՀԱՄԱՍ-ի դատապարտում։
Բանաձևի համաձայն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բոլոր կողմերից պահանջում է պահպանել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես՝ խաղաղ բնակչության, հատկապես երեխաների պաշտպանության հարցում։
«Եգիպտոսն ընդգծում է, որ պետք է իրականացվի այն, ինչ ներառված է բանաձևում՝ ներառյալ հրատապ հումանիտար միջանցքների և հրադադարի մասին պահանջները, որպեսզի ապահովվի շտապ օգնության մատակարարումը Գազայի հատվածին», - ասված է Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նախարարությունը հայտարարել է նաև քաղաքացիական անձանց, հատկապես կանանց և երեխաների, ինչպես նաև հումանիտար և բուժաշխատողների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության մասին։