Հունաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի խաղաղության օրակարգին
Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին։
Ինչպես տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության համատեքստում:
«ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ձևավորվելիք Հունաստան–Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կդառնա երկու խորհդարանների միջև բազմակողմանի համագործակցությունն ամրապնդող կամուրջ։
Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին։ ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող քայլերին։
Նշվում է, որ Ստավրոս Կալաֆատիսն, իր հերթին, վերահաստատել է հունական կողմի աջակցությունը Հայաստանին՝ խաղաղության հետապնդման իր օրակարգում։ Նա ընդգծել է ակտիվ շփումների կարևորությունը՝ արձանագրելով դեսպանության ակտիվ գործունեությունն ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային դիվանագիտության առաջ մղման առումով։