Կիևում հայտնել են, որ լեհ փոխադրողները հրաժարվել են ապաշրջափակել սահմանը
Լեհ փոխադրողները մերժել են ուկրաինա-լեհական սահմանի անցակետերով երթևեկությունն ապաշրջափակելու առաջարկները, թեև լուծման որոնումները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ուկրաինայի համայնքների զարգացման, տարածքների և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Մենք Լեհաստանի ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական հանձնաժողովի տրանսպորտի կոմիտեի հետ միասին բանակցություններ ենք վարել Դորոգուսկի անցակետում նոյեմբերի 15-ին: Հիմնական խնդիրը սահմանի ապաշրջափակման լուծումների համատեղ մշակումն է»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ ցուցարարների հիմնական պահանջը «թույլտվության համակարգին» վերադառնալն է։ Կիևն ընդգծել է, որ այն չի կարող իրականացվել, քանզի Ուկրաինայի և ԵՄ-ի միջև բեռնափոխադրումների ազատականացման մասին համաձայնագիրը ուժի մեջ կլինի առնվազն մինչև հաջորդ տարվա հունիսի 30-ը։
«Բանակցությունների արդյունքում կողմերը մշակել են համատեղ լուծումներ և առաջարկել դրանք լեհ ցուցարարներին: Վերջին առաջարկները չեն համաձայնեցվել: Կողմերը շարունակում են իրավիճակի հանգուցալուծման լուծումների որոնումը»,- նշել են նախարարությունից:
Ավելի վաղ լեհ փոխադրողներն արգելափակել էին Ուկրաինայի հետ սահմանին գտնվող ավտոմոբիլային անցակետերը։ Նրանք պահանջում են վերականգնել նախկինում չեղարկված թույլտվությունների համակարգը ուկրաինական առևտրային փոխադրողների համար՝ բացառությամբ մարդասիրական օգնության և ուկրաինական զորքերի մատակարարումների։ Նրանք պահանջում են նաև 2022 թվականի փետրվարից հետո Ուկրաինայում ստեղծված ընկերությունների լիցենզիաների կասեցում, դրանց ստուգում և տրանսպորտային միջոցների հերթերի բաշխում։