Դավութօղլու. «Շղթայի միակ բացակայող օղակն առայժմ մնում է Հայաստանը»
Թուրքիա արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, հյուրընկալվելով «ՀաբերԹուրք» հեռուստաալիքի տաղավարում, եթերից խոսել է երկրի համար օրախնդիր մի շարք հարցերի և տարածաշրջանային նշանակության հիմնախնդիրների մասին:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը երկրի աճող տնտեսության համար էներգետիկայի մեծացող պահանջարկն է: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
«Մեր ամենամեծ ուժը մարդկային ռեսուրսներն են, իսկ ամենաթույլ տեղը' էներգետիկ դեֆիցիտը»:
Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորմանը' Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ եթե անգամ Հայաստանի հետ գերազանց հարաբերություններ հաստատվեն և Հարավային Կովկասում խաղաղության միջավայր ապահովված լինի, միևնույն է, դա խարխուլ կլինի և ամեն պահի կարող է կործանվել: Ըստ նրա' իսկական խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ հայերն ու թուրքերը գնան պատմական կոնսոլիդացիայի ճանապարհով և ազատորեն սրտները բացեն իրար առաջ:
Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին շրջանում Անկարան գործում է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, Թուրքիա-Ադրբեջան-Իրան, Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ մեխանիզմների մշակման, Ռուսաստանի հետ հարաբերությունների առավել բարելավման ուղղություններով և այդ շղթայի միակ բացակայող օղակն առայժմ մնում է Հայաստանի Հանրապետությունը:
«Մենք չենք ուզում այդօրինակ մեկուսացում: Եթե Հայաստանն ուզում է դուրս գալ այդ մեկուսացումից, ապա ստիպված է հարգանք ցուցաբերել Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»,- շեշտել է Դավութօղլուն: