Երևանը կունենա թարմացված գլխավոր հատակագիծ (տեսանյութ)
Երևան քաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ:
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջից:
«Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի, գլխավոր հատակագիծը երևանցիների համար բարենապաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված:
Քաղաքի ու երևանցիների համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:
Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները:
Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքագրվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք` նախագիծը կյանքի կոչելու համար:
Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ զարգացումը»:
Մանրամասները՝ տեսանյութում։