Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 15-ին Փամբակ գյուղի անտառամիջյան ճանապարհին ստուգման են ենթարկել նույն գյուղի բնակչի վարած «ՈՒԱԶ»-ը, որը բեռնված էր մոտ 2 խմ փայտանյութով: 22-ամյա վարորդը հայտնել է, որ փայտանյութը պատկանում է համագյուղացուն: Քիչ անց «ՈՒԱԶ»-ին մոտեցած 23-ամյա երիտասարդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ: Հայտնել է, որ նոյեմբերի 15-ի առավոտյան Փամբակ գյուղի հարակից անտառից բենզասղոցով հատել է մեկ հաճարենի, ինչպես նաև նույն տարածքից հավաքել է թափված թեղի ծառի մնացորդները, ապա խնդրել համագյուղացի 22-ամյա երիտասարդին՝ «ՈՒԱԶ»-ով տեղափոխել իր տան բակ:
Երիտասարդները հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: