Լիտվայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրի պատճենն է հանձնել
Նոյեմբերի 15-ին Լիտվայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Մարգարյանն իր հավատարմագրի պատճենը հանձնեց Լիտվայի ԱԳՆ պետական և դիվանագիտական արարողակարգի տնօրեն Պետրաս Զապոլսկասին։
Նույն օրը դեսպան Մարգարյանը հանդիպում է ունեցել ԱԳՆ Արևելյան հարևանության քաղաքականության վարչության տնօրեն Դարիուս Վիտկաուսկասի հետ, ով շնորհավորել է դեսպան Ա․ Մարգարյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և հայ-լիտվական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, բարձր է գնահատվել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են ինչպես տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամբողջական ներուժի օգտագործման հնարավորություններին։
Կարծիքներ են փոխանակվել Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի և տարածաշրջանային այլ զարգացումների շուրջ: