Թուրքիայում «Հայի վիժվածք» վիրավորանքի համար պատիժ կսահամանվի
Թուրքիայում բարեփոխումներ նախատեսող «Ժողովրդավարացման փաթեթով» օրինականացման ենթակա մի շարք հարցեր ներառվել են երկրի խորհրդարանի օրակարգ: Ըստ թուրքական «Մեմուրլար» կայքի՝ «ատելության հողի վրա կատարված հանցանքների» և «հանրահավաք-ցույց երթերի» մասին նոր օրենքների հաստատման վերաբերյալ խորհրդարանում քննարկումներ են եղել: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
«Հայի վիժվածք» արտահայտությունը վիրավորանք է: Ըստ նախատեսվող օրինագծի՝ 4 տեսակի հանցանքների շարքում «ինչ-որ մեկին վիրավորանք» հասցնելու համար «Հայի վիժվածք» և նմանատիպ վիրավորական արտահայտությունները հանցանքներ են համարվելու: Մեղադրյալին 3 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է սպառնում:
Հավատքի և ազգային պատկանելության համար աշխատանք չտրամադրելը, վարձով կացարան չհատկացնելը համարվելու է «ատելության հողի վրա կատարված հանցանք» և դրա համար տվյալ անձին սպառնում է 1-3 տարի ազատազրկում:
Նոր օրինագծերը կխոչընդոտեն նաև ցույցերի, հանրահավաքների և երթերի անցկացմանը: Եթե ցույցերի ժամանակ որևէ բնակիչ բողոք ներկայացնի, որ տվյալ ցույցի կամ այլ միջոցառման հետևանքով խաթարվել է իր անդորրը, ապա դա միջոցառման դադարեցման համար պատճառ կարող է հանդիսանալ:
Ավելին, հանարահավաքների և երթերի ժամանակ հնչեցված արտահայտությունները ցանկացած պարագայում կձայնագրվեն և կտեսանկարահանվեն: Իսկ տվյալ տեսանյութերը կկիրառվեն միայն կասկածյալների կամ մեղադրյալների գործերի հետաքննության համար: