ԱՄՆ պետդեպը զեկույց է պատրաստում ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։ «Ցանկանում եմ հանձնաժողովին տեղեկացնել, որ պետքարտուղարի հանձնարարությամբ համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլ նաև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ-Բրայենը։
Նա հստակեցրել է, որ դրա համար ներգրավել են անկախ հետաքննողների, կան իրենց հետաքննողները, ինչպես նաև տեղեկություններ կան միջազգային ոչ կառավարական կազմակերպություններից և այլ հետաքննողներից։ Նա հետաքննության համար ժամկետներ չի նշել, սակայն վստահեցրել է, որ բաց կլինեն իրենց հավաքած տեղեկատվությամբ կիսվելու առումով։
Անդրադառնալով Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար մարդու բռնի տեղահանմանը՝ Օ-Բրայենը նշել է, որ իրենք պնդում են, որ այդ մարդիկ պետք է ամբողջական հասանելիություն ունենան այդ տարածքին (խմբ․ Լեռնային Ղարաբաղ), նրանց սեփականությունը, մշակույթը պետք է պաշտպանված լինի։ Նրա խոսքով՝ մարդիկ պետք է համապատասխան տեղեկատվություն ստանան, որպեսզի կարողանան ընտրություն կատարել իրենց ապագայի վերաբերյալ և իմանան, որ իրական հնարավորություն կունենան Լեռնային Ղարաբաղ վերադառնալու և այնտեղ լավ ապրելու, եթե նման որոշում կայացնեն։