Փաստորեն, կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու Թուրքիան , այլ՝ ՀՀ քաղաքացիները. Արթուր Խաչատրյան
«Հայաստան» դաշինքը մանրակրկիտ ուսումնասիրել է կառավարության կողմից ներկայացված 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաև՝ ՀՀ տնտեսությանը վերաբերող վիճակագրական տեղեկությունները և հիմնավոր եզրահանգել, որ առաջարկվող բյուջեն ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրների համար համարժեք քայլեր ու միջոցներ չի նախատեսում: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Բայց մինչ արձանագրումները ներկայացնելը, պատգամավորն անդրադարձավ «խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով. «Տնտեսական նպատակահարմարություն այդ ծրագրի ետևում չկա, դա թշնամու կողմից պարտադրված ծրագիր է՝ սեփական նախաձեռնությունը ներկայացնելու նուրբ արվեստի դրսևորում»:
Անդրադառնալով 2024 թվականի բյուջեի նախագծին Արթուր Խաչատրյանն ասաց .
«Առաջարկվող բյուջեն Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման համարժեք քայլեր և միջոցներ չի նախատեսում։ Առաջին հերթին դա վերաբերում է անվտանգութային մարտահրավերներին… Արցախի բռնակցման, Արցախի հայ բնակչության էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 250 ք կմ տարածքի բռնազավթման պայմաններում պաշտպանության բյուջեի ընդամենը 7 տոկոսանոց աճը բավարար չէ, մանավանդ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով ռազմական միջոցների նվազումը, թշնամու շարունակական զինումը, զորավարժությունների անցկացումը, ագրեսիվ հռետորաբանությունը։ Պաշտպանական բյուջեի նվազումը տեղի է ունենում 2024 թ. նախատեսված պետական բյուջեի ծախսային մասի 16 տոկոսով պայմանավորված աճի պայմաններում, փոխարենը 18 տոկոսով ավելացվում է ՆԳՆ բյուջեն։ Փաստորեն, ՀՀ կառավարության համար սպառնալիք են ոչ թե Ադրբեջանն ու նրա հովանավոր Թուրքիան, այլ՝ ՀՀ քաղաքացիները»: