ՌԴ ԱԳՆ-ից մեկնաբանել են Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը
Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը զուտ քաղաքական դրդապատճառներով, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը որոշել է վավերացնել ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը, քանի որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքները բավարար չեն երկրի անվտանգությունն ապահովելու համար։
«Երկկողմ խորհրդակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է համապատասխան առաջարկներ՝ առանց Հռոմի ստատուտի վավերացման ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով գնալու համար: Ամենակարևորն այն է, որ նման պրակտիկա կա: Ցավոք, մեր առաջարկած փոխզիջումային լուծումները անտեսվեցին՝ չնայած բոլոր նախազգուշացումներին, հատկապես ՄՔԴ-ի հակառուսական քաղաքականության ֆոնին։ Երեւանը, զուտ քաղաքական նկատառումներով, այնուամենայնիվ, որոշեց վավերացնել Հռոմի ստատուտը»,- ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ եթե Երևանը շարունակում է շահագրգռված մնալ «իր ձեռքով» ստեղծված խնդիրների լուծման մեջ, ապա «դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»։