Ենթադրյալ սեռական բռնության ենթարկված երեխայի լուսանկարը՝ սոցցանցում․ ինչպես են օգտատերերը «փրկում» զոհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեխայի նկատմամբ սեռական բռնության հերթական դեպքի մասին օրերս Ֆեյսբուք սոցիալական կայքի որոշ օգտատերեր են ահազանգել իրենց էջերում։
Գրառումը լայնորեն տարածվել է սոցցանցում, ցավոք, զուգահեռ հրապարակվել են երեխայի լուսանկարները՝ հնարավորություն ընձեռելով նույնացնել բռնության ենթարկված երեխային։
Անչափահասի իրավունքների խախտման մասին բարձրաձայնել է Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը։
Փաստաբանն ընդգծում է՝ նման պարագայում անչափահասը նոր հոգեկան տրավմայի է ենթարկվում։
Ըստ նրա՝ ցանկացած տեղեկատվություն, որը երեխային նույնականացնելու իրական հնարավորություն է ստեղծում, չպետք է դառնա լայն շրջանակներին հասանելի։
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության փորձագետ Աննա Սաֆարյանը ևս փաստում է՝ վերջին տարիներին համացանցում լրջագույն խնդիր է երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։
Սաֆարյանի խոսքով՝ որպեսզի օնլայն հարթակներում երեխաները պաշտպանված լինեն, պետք է ոչ թե արդեն իսկ տեղի ունեցած դեպքերի հետևանքները վերացնել, այլ կանխարգելման հստակ մեխանիզմներ ներդնել։
ՆԳՆ լրատվական բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ տեղյակ են համացանցում երեխայի նկատմամբ բռնության՝ մի շարք օգտատերերի կողմից տարածում գտած դեպքին, և այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ։
Քննչական կոմիտեի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ միայն այս տարվա առաջին կիսամյակում կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 699 քրեական վարույթ, որը 154-ով ավելին է 2022-ի ընթացքում քննված վարույթներից։
Երեխայի նկատմամբ սեռական բռնության վերջին աղմկահարուց դեպքն օգոստոսի 18-ին էր, երբ մոր կողմից երեխային բռնության ենթարկելու և մյուս երեխաներին մասնակից դարձնելու տեսանյութը դարձյալ լայնորեն տարածվել էր սոցցանցերում։
Այդ տեսանյութում ևս երեխաների դեմքերը տեսանելի են և հնարավոր էր նույնականացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։