«Ես որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում». վարչապետը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայաստանցի պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցելու որոշումներին․
«Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ՝ որոշում կայացրել տարբեր պատճառներով կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե այդպիսով հող է նախապատրաստվում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, նա ասել է. «Ես որևէ բանի համար հող չեմ նախապատրաստում, որովհետև այդ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց»։
Փաշինյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը, ի հակառակ իր ունեցած դե յուրե պարտադիր պարտավորություններին, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգության մարտահրավերներին, ու դա կրկնվել է մի քանի անգամ. «Ամենայն հարգանքով մեր բոլոր գործընկերների նկատմամբ՝ արձանագրում ենք, որ մեր հանրության համար էլ է անհասկանալի, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով արձագանք, ետ վերադառնում, հետո նորից նույնկերպ գնում»։