ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կխոսի Հայաստանի հետ համագործակցության նոր հեռանկարներից
Ադրբեջանական Turan.az գործակալությունը հայտնում է, որ իր ձեռքի տակ են հայտնվել տվյալներ, ըստ որի՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛ Բրայենը այսօր հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում՝ խոսելով Հայաստանին տրվող աջակցության, Հայաստանի հետ համագործակցության, տնտեսական ու քաղաքական ծրագրերի, հարավային Կովկասում խաղաղության մասին և, ամենակարևորը, հանդես կգա Ադրբեջանի սուր քննադատությամբ։
Ըստ Turan-ի՝ Օ՛ Բրայենը հայտարարելու է, որ ԱՄՆ-ն ցանկանում է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ գյուղատնտեսության և տեխնոլոգիաների ոլորտներում առևտուրը դիվերսիֆիկացնելու և Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ առևտրային կապերն ընդլայնելու առումով։ «Մենք աջակցում ենք կառավարության նախաձեռնություններին` ստեղծելու հաշվետու ինստիտուտներ այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է, օրինակ, համայնքային ոստիկանությունը: Մի խոսքով, մենք կօգնենք կառուցել Հայաստանի տնտեսական անվտանգությունն ու կայունությունը»:
Ադրբեջանի վերաբերյալ Օ’Բրայենը ԱՄՆ օրենսդիրներին կասի, որ Բաքվի ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում «խարխլել է վստահությունը և կասկածներ առաջացրել» Հայաստանի հետ համապարփակ խաղաղության հաստատման՝ իրենց հանձնառության վերաբերյալ: Հաշվի առնելով այս նոր իրողությունը՝ Պետդեպարտամենտը հասկացրել է Ադրբեջանին, որ երկկողմ հարաբերություններում չի կարող լինել նախկինի նման «բիզնես տրամաբանություն»:
Սեպտեմբերյան պատերազմից հետո ԱՄՆ-ն դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չեղարկել երկկողմ հանդիպումներն ու բարձր մակարդակի համաձայնագրերը Ադրբեջանի հետ և կասեցրել ապագա գործողությունների ծրագրերը։
«Մենք կշարունակենք առաջարկել մեր ծառայությունները՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության, որը վերջ կդնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների ցիկլին և սկիզբ կդնի տարածաշրջանի երկու ժողովուրդների՝ ավելի ապահով և բարեկեցիկ ապագային», – հայտարարել է Օ՛Բրայենը։