Սեյրան Օհանյանն անհրաժեշտ է համարում գնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին և այնտեղ բարձրաձայնել խնդիրները
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններին և նշեց, որ ռազմաքաղաքական դաշինքի միջոցառումներին չգնալը կարող է վտանգավոր լինել Հայաստանի Հանրապետության համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Օհանյանը նշեց, որ ամեն մի պետություն իր անվտանգության խնդիրները արտաքին աշխարհում որոշում է երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակներում։ «ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որը ձևավորվել է Խորհրդային միության փլուզումից հետո և այդ ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև Հայաստանի Հանրապետությունը։ Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դյուրին չի եղել, որի ընթացքում ձևավորվել է ՀԱՊԿ-ը, բայց այստեղ ստեղծվել է պայմանաիրավագրային մի ամբողջ փաթեթ և մանավանդ ռազմական կոմպոնենտի մեջ Հայաստանի Հանրապետությունը մեծ ներգրավվածություն է ունեցել դրանց զարգացման հարցերում, օրինակ՝ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, խաղաղապահ ուժերի։
Այս պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղը գտնվում են բավականին լուրջ և բարդ ռազմաքաղաքական իրավիճակում և սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և Հայաստանի Հանրապետությանը»,-ասաց Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է և այդ դաշինքի շրջանակներում պետք է ձևավորել հարաբերությունները։
«Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր այն կառույցներում, որտեղ մասնակցություն ունի, հատկապես այդ ռազմաքաղաքական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում, բոլոր միջոցառումներին պետք է գնա, մասնակցի և եթե ունի խնդիրներ իր հարևանների, դաշինքի անդամ երկրների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնել այն հարթակներում, որտեղ ինչ-որ միջոցառումներ են»,-ընդգծեց Օհանյանը։
Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժը ևս որոշակի խնդիրներ տեսնում է ՀԱՊԿ-ի պարտականությունները չկատարելու հարցում, բայց այդ ամենի մասին, ըստ Օհանյանի, պետք է խոսել և բարձրաձայնել նիստերի ժամանակ։