«Հրապարակ». Կադրային կրիզիս
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունում կադրային կրիզիս է` թափուր հաստիքներն ամիսներով, անգամ տարիներով չեն համալրվում: Օրինակ, ավելի քան երկու շաբաթ է՝ մեկնարկել է ամենամյա ձմեռային զորակոչը, սակայն ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնն ավելի քան 3 ամիս է՝ թափուր է։
Օգոստոսի վերջերին այդ պաշտոնից ազատվեց Արմեն Ավթանդիլյանը: Նրա ազատվելուց հետո լուրեր տարածվեցին, թե իրավապահ համակարգը զինկոմիսարիատներում ուսումնասիրություններ է կատարում, կոռուպցիոն ռիսկեր են ի հայտ եկել, մեծ թվով զինվորների են տարկետում տալիս կամ ազատում ծառայությունից, եւ Ավթանդիլյանի ազատումը դրանով էր պայմանավորված: Իշխանությունն ուզում է ավելի «ձիգ» կադրով փոխարինել նրան: Սակայն փաստն այն է, որ դեռ փոխարինող չեն գտել, եւ ժամանակավոր պաշտոնակատարն է գործը «յոլա տանում»։
Նույն իրավիճակն է նաեւ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում․ օգոստոսի 5-ից՝ Սերգեյ Ատոմյանին ազատելուց հետո, կալանավայրերի ծառայությունը պետ չունի: Իշխանական շրջանակներում խոսում են, որ այս պաշտոնում էլ հարմար թեկնածու չեն գտնում: Խոսակցություններ կան, որ Քննչական կոմիտեի նախկին պետ, ԲԴԽ անդամ Հայկ Գրիգորյանին են առաջարկել, նա չի համաձայնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում