Մենք ունենք հարցեր ՀԱՊԿ-ի վարքագծի վերաբերյալ և ակնկալում ենք պատասխաններ գործընկերներից. Արմեն Գրիգորյան
«Սկսած 2020 թ.-ի պատերազմից, երբ ՀԱՊԿ-ում ասում էին՝ Լեռնայի Ղարաբաղը ՀՀ սուվերեն մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, Հայաստանը չի մասնակցում նիստերի, բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և մենք օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար»,- Հանրային Հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդաշարի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանելով հարցին՝ թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Նրա խոսքով՝ նախորդ տարվա սեպտեմբերյան իրադարձություններից սկսած Հայաստանը բազմաթիվ հարցեր է ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ չունի այդ հարցերի պատասխանը և դա է նաև պատճառը, որ ՀՀ ներկայացուցիչը չեն մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Հարցին, թե նիստերին չգնալով, Հայաստանը ստանում է իրեն հուզող հարցերի պատասխանները, Գրիգորյանը ասաց, որ նիստերին մասնակցելով, և այլ ձևաչափերով հանդիպումներում չենք ստանում պատասխաններ:
ԱԽ քարտուղարը նիստերին չմասնակցելը դեմարշ չհամարեց:
Հայտարարելով, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Հայաստանի օրակարգում չկա՝ Գրիգորյանը շարունակեց.«Մենք ունենք հարցեր ՀԱՊԿ-ի վարքագծի հետ կապված և ակնկալում ենք, որ այդ հարցերի պատասխանները մեր գործընկերները տան… Որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք մասնակցում որևէ միջոցառման ՀԱՊԿ-ի շրջանակներում»:
Ռուսական առաջին ալիքով իրեն սորոսական համարելը նա գնահատեց անընդունելի գործողություն և բացատրեց այն հանգամանքով, որ ՌԴ-ում ինչը որ անընդունելի է, մտցվում է որոշակի նարատիվով որակավորումների դաշտ:
«Այն վնասում է միջպետական հարաբերություններին և որևէ լրջություն չեն հաղորդում ՌԴ-ի վարած քաղաքականությանը»,-հայտարարեց Գրիգորյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն միայն Արևմուտքի հետ չի հարաբերությունները սերտացնում, այլ նաև՝ Իրանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի: