Հազարավոր արցախցիներ 100 հազար դրամի միանվագ և ամսական հրատապ աջակցությունը չեն ստանում. Թադևոս Ավետիսյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը՝ ԱԺ հայտարարության ժամին
«Սիրելի՛ հայրենակիցներ
Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի, օրվա իշխանության ծրագրային խոստումների հետ անհամապատասխանության, ընդհանուր սոցիալ-տնտեսական և դրանց փոխկապված անվտանգային խորացող խնդիրների մասին մանրամասն կխոսեմ նախագծի քննարկման ընթացքում։
Հիմա ներկայացնեմ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների Հայաստանում վերաինտեգրման՝ ընդգծվող խնդիրներն ու անորոշությունները, ինչու ոչ՝ նաև արձանագրված ձախողումները։
Նախ ձախողման մասին․ բնակարանային ապահովման սերտեֆիկատների հայտնի ծրագիրը չի նախատեսում նպատակից բխող՝ համարժեք աջակցություն, չի լուծում այս ծրագրային աջակցության հիմնախնդիրը, հետևաբար՝ ծախսվող միջոցներն արդյունավետ չեն։ Եվ սա փաստում են նաև օրվա պատասխանատուները։
Իրավիճակին և օբյեկտիվ կարիքներին համարժեք ծրագրային աջակցության փոխարեն օրվա իշխանությունները քաղցրալեզու խոստումներ են տալիս․ «Մտածում ենք, կարևորում ենք, քննարկում ենք, մշակում ենք, անելու ենք և այլն։»։
Իրականությունը բոլորովին այլ է։
Իրարամերժ հայտարարություններ և անորոշություն․ ի պատասխան ընդիմադիր պատգամավորների հարցերի՝ կառավարության ղեկավարն ասում է, որ արցախահայությունը կարող է օգտվել ՀՀ սոցիալական աջակցության իրավունքներից, այդ թվում՝ ստանալ կենսաթոշակ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացիություն։ Այսօր ԱԺ ամբիոնից միգրացիայի ոլորտի պատասխանատուն հայտարարում է, որ փախստականի կարգավիճակում ևս Արցախցի մեր հայրենակիցներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասարեցված սոցիալական իրավունքներ։
Հրատապ դրամական աջակցության մասին․ ընթացակարգերի անորոշության և անհարկի սահմանափակումների հետևանքով հազարավոր մեր հայրենակիցներ այդ 100 հազար դրամի միանվագ և ամսական հրատապ աջակցությունը չեն ստանում։
Զբաղվածության ապահովման մասին․եթե կա իրական նպատակ, ապա «նոր հեծանիվ» հնարել պետք չի։ Կան մշակված և գործարկված կոնկրետ ծրագրեր, որոնք օր առաջ կարող են ապահովել նաև արցախահայության կայուն զբաղվածությունն ու ինքնազբաղվածությունը Հայաստանում։ Ավելացնելու փոխարեն՝ հաջորդ տարի այս ծրագրերին հատկացվող միջոցներն ու շահառուների թիվը կրճատում են 3 անգամ։
Ամփոփելով․ այս պահի իրական փաստը հետևյալն է․ 2024թ․ պետական բյուջեի նախագծով Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության համար նախատեսված է ընդամենը 10 մլրդ դրամ, դրան գումարած շուրջ 30 մլրդ դրամ էլ կենսաթոշակային ապահովության համար։ Եվ սա այն դեպքում, երբ մեր հայրենակիցները կորցրել են նյութական ապահովվածության բոլոր հիմքերը՝ բնակարանից մինչև կայուն եկամուտ»։