Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հյուսիսից հեռացած բնակիչների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ցամաքային գործողության սկզբից ի վեր ավելի քան 1 միլիոն խաղաղ բնակիչ է կարողացել տարհանվել Գազայի հատվածի հյուսիսային շրջաններից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի խոսնակ Փիթեր Լեռները։
«Կարող եմ ասել, որ տարբեր ժամանակահատվածներում մենք բավականին մեծ հաջողություններ ենք ունեցել, որ մի քանի հարյուր հազար, իսկ որոշ գնահատականներով ավելի քան 1 միլիոն մարդ տարհանվել է հյուսիսային շրջաններից և մեկնել դեպի հարավ»,- նշել է նա։
«Դա, անշուշտ, ցամաքային գործողությանը մանևրելու տարածություն է տալիս այն վայրերը բացահայտելու համար, որտեղ թաքնվում է թշնամին», - հավելել է Լեռները:
Նոյեմբերի 11-ին Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ միայն վերջին երեք օրվա ընթացքում Գազա քաղաքից հեռացել է գրեթե 200 հազար մարդ։ Բանակի ներկայացուցիչն ընդգծել է, որ խաղաղ բնակչությունը հեռանում է մարտերով ընդգրկված հատվածի հյուսիսային հատվածից, որտեղ գտնվում է նաև հենց Գազա քաղաքը, «հակառակ» պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականների «հրահանգների», որոնք, ըստ իսրայելացի զինվորականների, խաղաղ բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահան և ամեն կերպ խոչընդոտում նրանց տարհանմանը։