«Փաստ». Օրենսդրական փոփոխությունը թույլ կտա խուսափել բյուջեի համար լրացուցիչ պարտավորությունների ստանձնումից. նախագիծ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություն կատարել «Հանրակրթության մասին» օրենքում: Նախագծով հանրակրթության ոլորտում պետբյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը կհաստատվեն ոչ թե ԿԳՄՍ նախարարի հրամանով, այլ կառավարության համապատասխան որոշմամբ: Ներկայում հանրակրթության ոլորտում պետբյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցների և նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է ԿԳՄՍ նախարարությանը:
Նախարարը հաստատում է մի շարք հրամաններ, որոնք հանգեցնում են բյուջետային գործընթացներում քննարկված և հաստատված բյուջետային հատկացումների չափաքանակների գերազանցմանը, ֆիսկալ ռիսկերի առաջացմանը և պետբյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնմանը: Նախարարության կողմից շրջանառվող մի շարք հրամանների նախագծեր՝ ֆինանսների նախարարության բացասական եզրակացության պարագայում գրանցվում են և դառնում իրավական ակտ: Ստացվում է, որ նախարարի կողմից միակողմանի ընդունվում են պետբյուջեի վրա ուղղակի ազդեցություն ունեցող և լրացուցիչ ծախսեր առաջացնող իրավական ակտեր:
Ֆիննախը նշում է՝ «Հանրակրթության ծրագրի» շրջանակներում իրականացվող միջոցառումների համար յուրաքանչյուր տարվա պետբյուջեով նախատեսվում են համապատասխան միջոցներ, ուստի պետական բյուջեի ծախսերի կանխատեսելիությունն ապահովելու, լրացուցիչ ծախսերի նախատեսումից խուսափելու նպատակով առաջարկվում է հանրակրթության ոլորտում պետբյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատել ոչ թե նախարարի հրամանով, այլ կառավարության համապատասխան որոշմամբ: Ըստ նախարարության, սա թույլ կտա խուսափել պետբյուջեի համար լրացուցիչ նոր պարտավորությունների ստանձնումից»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։