Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է. այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի պետական, կուսակցական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է:
Նա ծնվել է 1946 թվականին։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած (ՀՀՇ) առաջնորդներից։
Նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին՝ 75 տարեկանում և մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։ «Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է»: Նրա այս խոսքերը հաճախ է մեջբերվում:
Վանո Սիրադեղյան «Անանձրև հուլիս»
«Տղամարդու թալուկ սիրտը գելուգազանի բաժին է, մայրիկ, մի կշտամբիր: Համ էլ կյանքը մեր ուզածով չեղավ: Ուզում էինք գանք, բայց չէր ստացվում: Ուզում էինք գանք լիքն ու բարով, որ անհոգ մնաք, ջահել մնաք: Ուշացումով եկանք, որ լավ գանք, չեկանք, որ լավ գանք... Մեկ էլ տեսանք, որ ապրում ենք առանց ծնողի... է, ապրվում է, ապրում ենք էլի, կյանք է, հո որբանոց չի... Հետո, ախր, կյանքը մեր ուզածով չեղավ և առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, - այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան»: