Բաքուն բարձրացնում է ադրբեջանցիների՝ Հայաստան բնակության վերադառնալու հարցը
Արցախահայերին հայրենազրկած Ալիևը հայտարարել է, թե, իբր, Հայաստանը դեմ է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ։
Առավելապաշտական նկրտումներով Ալիևը, ընդամենը 2 ամիս առաջ ամբողջությամբ հայաթափելով ու յուրացնելով Արցախը, դեռ Հայաստանին մեղադրել է 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարության մեջ նշած պարտավորությունները չկատարելու մեջ։
«Պատերազմից հետո Հայաստանը ոչ միայն դուրս չբերեց իր զինված ուժերը Ղարաբաղի տարածքից, այլ նույնիսկ միտումնավոր օգտագործեց այդ տարածքը զինտեխնիկայի, զինված ուժերի անձնակազմի և ականների տեղակայման համար։ Բացի այդ, Հայաստանը չի կատարել Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև կապ ստեղծելու իր պարտավորությունները»,-ասել է Ալիևը։
Ալիևը կրկին խոսել է այն մասին, որ իբր նվիրված են մնում խաղաղության օրակարգին, կողմ են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, միևնույն ժամանակ Հայաստանի ինքնիշխան տարածքքների վերաբերյալ իր նկրտումները բարձրաձայնել.
«Թեև Ադրբեջանը ներկայում ներկայացնում է հստակ և թափանցիկ ծրագիր համակեցության և վերադարձի իրավունքի վերաբերյալ, սակայն Հայաստանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և որևէ տեսակետ չի ներկայացրել այդ կապակցությամբ»։