Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում քաղաքացիական հայց ներկայացվեց՝ գումարի բռնագանձման պահանջով
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր մեղադրողները քաղաքացիական հայց ներկայացրին, լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Հակոբյանը։
«Հայցադիմում ներկայացվեց։ Մեղադրողները մեղադրանքում առաջադրված գումարի չափով քաղաքացիական հայց ներկայացրին՝ գումարի բռնագանձման պահանջով»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ հայցի ներկայացումից հետո պաշտպանական կողմը տասնչորսօրյա ժամկետ խնդրեց։
«Այդ ժամկետը խնդրեցինք, որպեսզի ծանոթանանք և պատճառաբանված առարկությունները ներկայացնենք, թեև, ի սկզբանե հայտարարել ենք, որ ամբողջությամբ չենք ընդունում հայցադիմումը։ Հիմնավորումներն ու պատճառաբանությունները կներկայացնենք հաջորդ դատական նիստին»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։