Երևանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը. Ալիևը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Պիա Կաումային։ Երկրի ղեկավարի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպմանը Իլհամ Ալիևը և Պիա Կաուման մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի, այնտեղ տիրող նոր իրողությունների և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերակատարության շուրջ։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ներկայումս տարածաշրջանում շատ լավ հնարավորություններ են ստեղծվել խաղաղության օրակարգի համար։ Նա ասել է, որ 44-օրյա պատերազմից հետո հենց Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության պայմանագրի նախաձեռնությամբ և դրա հիմքը կազմող սկզբունքներով։
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Նա նաև հայտարարել է, որ թեև Ադրբեջանը ներկայում ներկայացնում է համակեցության և վերադարձի իրավունքի հստակ ու թափանցիկ ծրագիր, սակայն Երևանը մերժում է ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքը և այդ կապակցությամբ ոչինչ չի ներկայացրել։
Հանդիպմանը նշվել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կարող է արդյունավետ հարթակ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության ձևավորման համար։