Կազմակերպչական առումով սամբոյի աշխարհի այս առաջնությունը մոտ էր իդեալականի. Կարեն Գիլոյան
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Երևանում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների նվաճած 10-ը մեդալը համարում է լավ արդյունք:
«Կազմակերպչական առումով սամբոյի աշխարհի այս առաջնությունը մոտ էր իդեալականի: Իհարկե, այսպիսի խոշոր միջոցառումները չեն կարող ամբողջովին զերծ լինել որոշակի թերություններից, բայց դրանք հասցված էին նվազագույնի և չազդեցին որակական արդյունքի վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Վերջինիս խոսքով` մասնակից երկրների մարզիկները գոհունակություն են հայտնել հյուրընկալության համար:
«Հայաստանի սամբոյի հավաքականն աշխարհի առաջնություններից դեռևս այսքան մեդալ չի նվաճել՝ ունենք 5 արծաթ և 5 բրոնզ և չունենք ոսկի: Արժեր, որ այստեղ` Հայաստանում, հնչեր ՀՀ պետական օրհներգը»,-ասաց նա:
Աշխարհի առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ): Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ): Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: Մարզիչներն էին Հայկ Ավետիսյանը և Էռնեստ Միրզոյանը: