Թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին․ Հայկ Մարության
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանը գրում է․
«Ավագանու մեր խմբակցությունը ակտիվ աշխատանք է սկսել Երեւանի կառավարման տարբեր ոլորտներում իր վերահսկողական գործառույթն իրականացնելու ուղղությամբ։
Մեր նախաձեռնությամբ կայացան հանրային լսումներ՝ բնապահպանական ու կանաչապատման խնդիրների վերաբերյալ։
Մեր խմբակցության հրավերով քննարկմանը մասնակցում էին համապատասխան ոլորտների գիտնականներ, մասնագետներ, հանրային գործիչներ։ Ծավալվեց աշխույժ քննարկում, որի ընթացքում արծարծվեցին մի շարք հարցեր։
Առանցքային հարցերից էր վերջերս մայրաքաղաքում մեկնարկած՝ ծառերի փոխարինման օրինականությունը եւ արդյունավետությունը։
Ի դեպ, քննարկմանը հրավիրել էինք նաեւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներին, որոնք խուսափեցին ներկա գտնվել։
Առաջիկայում սպասվում են նմանատիպ քննարկումներ քաղաքային բյուջեի, քաղաքաշինության, տրանսպորտի եւ մի շարք այլ թեմաներով։
Մենք հետեւողական ենք լինելու եւ թույլ չենք տալու, որ ոչ կոմպետենտ կառավարմամբ վնաս հասցնեն մեր քաղաքին»։