17 մլն դրամ է վճարվել Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ին՝ ԵԱՏՄ նիստը ընդունելու համար․ «Հետք»
Նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությանը պետական միջոցներից հատկացվել է 17 միլիոն դրամ՝ ամիսներ առաջ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացման համար մատուցած ծառայութունների համար։ Պետական գնումն իրականացվել է առանց մրցույթի, գրում է «Հետք»-ը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի էր ունեցել այս տարվա օգոստոսի 24-ին և 25-ին, որի անցկացման վայրը ընտրվել էր Ծաղկաձորի նախկին «Գոլդեն Փելես» հյուրանոցը։
Պետական գնման պայմանագիրը Նալբանդյանին պատկանող «Պոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊ ընկերության հետ կնքել է արտաքին գործերի նախարարության արարողակարգի ծառայությունը։ Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստի համար վարձակալվել է հյուրանոցի նախասրահը, ընդունարանը և 3 սրահ, որոնցից մեկը մեծ միջոցառումների համար է նախատեսված։
Հյուրանոցի ընտրությունն իրականացվել է առանց մրցույթի։ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագտության վարչության պետի պարտականությունները կատարող Իննա Թորգոմյանը հայտնել է, որ նախագահի, վարչապետի, փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած պաշտոնյաների ծախսերը փոխհատուցվում են այլ ընթացակարգով։ Ըստ կառավարության որոշման՝ նման հրավերների դեպքերում ծախսերը հաշվարկվում և վճարվում են ըստ փաստացի կատարված ծախսերի։ Պարզ ասած՝ միջոցառումն անցկացվելուց հետո ծառայություն մատուցած կազմակերպությունները ներկայացնում են հաշիվներ, որի հիման վրա կատարվում է վճարում։
Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս է ընտրվել միջկառավարական խորհրդի նիստի անցկացման վայրը և ինչո՞ւ են արտաքին քաղաքական գերատեսչությունում նախապատվությունը տվել նորահայտ գործարարի հյուրանոցին։ Այն հյուրանոցին, որը Նարեկ Նալբանդյանը պետությունից գնեց արտոնյալ պայմաններով և դժվարանում է ժամանակին վճարել դրա գումարը։
«Հիշատակված միջոցառման վայրի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ տվյալ հյուրանոցում առկա են նման մեծամասշտաբ միջոցառում կազմակերպելու համար անհրաժեշտ շենքային պայմաններ՝ նիստերի մեծ դահլիճ, դիմավորման պաշտոնական արարողության համար համապատասխան սրահ, մամուլի կենտրոնի համար համապատասխան տարածք և այն։ Տարածքի անվտանգության ապահովման տեսանկյունից ևս հյուրանոցը գտնվում է բարենպաստ դիրքում»,- պարզաբանել է ԱԳՆ պաշտոնյան։