ԱԳ նախարար Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Միացյալ Թագավորություն
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 13-14-ը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։
Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ:
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը մայիսին Երևանում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ մամուլի ասուլիսին ընդգծել էր. «Կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ազդարարված ռազմավարական երկխոսության մեկնարկը: Մենք արժևորում ենք Հայաստանի և ՄԹ միջև հաստատված փոխգործակցությունը և լիահույս ենք, որ կկարողանանք համատեղ ջանքերով նոր լիցք հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում մեր փոխգործակցությանը»։