ԵՄ-ն կարող է թույլ տալ Մոլդովային միանալ միությանն՝ առանց Մերձդնեստրի
Մոլդովայում ԵՄ պատվիրակության ղեկավար Յանիս Մաժեյկսն ասել է, որ հույս ունի, որ Մերձդնեստրի խնդիրը կլուծվի մինչև հանրապետության միանալը ԵՄ-ին, սակայն ընդունում է, որ ինտեգրման հնարավորություն կա առանց վիճելի տարածաշրջանի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ չի բացառում ԵՄ-ին հնարավոր ինտեգրումը միայն երկրի աջ ափին՝ առանց Մերձդնեստրի։ Նրա կարծիքով՝ հակամարտությունը կարող է լուծվել կազմակերպությանն անդամակցելուց հետո։
«Մենք հուսով ենք, որ երբ Մոլդովան միանա ԵՄ-ին, այս խնդիրը կլուծվի: Այս փուլում մենք կշարունակենք աջակցել խաղաղ լուծման որոնմանը: Հուսով ենք, որ դա կլուծի իրավիճակը մինչև Մոլդովայի՝ ԵՄ-ին միանալը»,- ասել է Մաժեյկսը՝ մեկնաբանելով Մոլդովայի՝ առանց Մերձդնեստրի ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ Բրյուսելը չէր ցանկանա առերեսվել եվրաինտեգրման գործընթացի մերձդնեստրյան հակամարտության լուծումից կախվածության խնդրի հետ։
Մերձդնեստրը, որի բնակիչների 60%-ը ռուսներ և ուկրաինացիներ են, ձգտում էր անջատվել Մոլդովայից դեռ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ՝ վախենալով, որ ազգայնականության հետևանքով Մոլդովան կմիանա Ռումինիային: 1992 թվականին խնդիրը ուժով լուծելու Մոլդովայի իշխանությունների անհաջող փորձից հետո Մերձդնեստրը գործնականում դարձավ Քիշնևի վերահսկողությունից դուրս գտնվող տարածք։