Մակրոնը պատրաստվում է այցելել Ղրղզստան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ղրղզստան այցելելու հրավերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին, այդ մասին հայտնել է Ղրղզստանի ղեկավար Սադիր Ջապարովի մամուլի ծառայությունը։
Ջապարովը Փարիզ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են համագործակցության զարգացումը՝ պատրաստակամություն հայտնելով խթանել երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական և տրանսպորտային ոլորտներում։
Ջապարովի մամուլի ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ Մակրոնը մասնավորապես նշել է էներգետիկ ոլորտում համագործակցությունն՝ ընդգծելով, որ ֆրանսիական «Electricite de France» և «Total» ընկերությունները մտադիր են աշխատել Ղրղզստանում։
«Նախագահ Սադիր Ջապարովը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է այցելել Ղրղզստան։ Հրավերն ընդունվել է երախտագիտությամբ»,- ամփոփել են մամուլի ծառայությունից։