ՄԱԿ-ն ընդունել է մարդկանց թրաֆիքինգի դեմ Մինսկի առաջարկած բանաձևը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեն ընդունել է Բելառուսի առաջարկած բանաձևը մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վերաբերյալ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է հանրապետության ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«2023 թվականի նոյեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի երրորդ կոմիտեն կոնսենսուսով ընդունեց «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ջանքերի համակարգման բարելավման մասին» բելառուսական բանաձևը»,-ասված է Բելառուսի ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ 2006 թվականից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձեւը գործնական ներդրում է 2005 թվականին ՄԱԿ-ի գագաթնաժողովում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնության զարգացմանը՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում գլոբալ գործընկերություն ձևավորելու համար։
Միևնույն ժամանակ փաստաթուղթն ունի զգալի թվով համահեղինակներ (ավելի քան 40 պետություն), որոնք ներկայացնում են աշխարհի բոլոր տարածաշրջանները։ Բանաձեւը միավորում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում բոլոր անհատական թեմատիկ նախաձեռնությունները, որոնք առաջ են քաշվել ՄԱԿ-ում պետությունների կողմից։
«Բանաձևը գործնականում ցույց է տալիս միջազգային հանրության կարողությունը՝ հաղթահարելու այս ուղղությամբ ՄԱԿ-ում նախկինում գոյություն ունեցող անմիաբանությունը, և լրացուցիչ հարթակ է նման կարևոր հարցում միջազգային գործընկերության հետագա ամրապնդման համար», - հավելել է Բելառուսի ԱԳՆ-ն։