«Կալաշնիկով», «Մոսին» 2 հրազեն և ռազմամթերք․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Մասնավորապես, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք կամավոր հանձնելու 7 դեպք։
Արդյունավետ էին նաև Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումները` «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ռազմամթերք։
Աշոցք գյուղի մի բնակիչ Աշոցքի բաժին էր բերել ինքնաշեն ատրճանակ ու ռազմամթերք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Արթիկի ոստիկանները. բաժնում արձանագրվել է ակոսափող հրազեն կամավոր հանձնելու դեպք։
Ճամբարակի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Գետիկ գյուղի մի բնակիչ բաժին է բերել թմբուկավոր ատրճանակ ու ռազմամթերք։
Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Վարդենիսի բաժնի ծառայողները և վետերանները, ինչի շնորհիվ կամավոր հանձնել են հակատանկային նռնականետ ու ռազմամթերք։
Արդյունավետ էին նաև Մասիսի համայնքային ոստիկանների և Արարատի մարզային վարչության վետերանների ձեռնարկած միջոցառումները` «Կալաշնիկովի» մեկ ինքնաձիգ և ռազմամթերք։
Մեծամոր քաղաքի մի բնակիչ բաժին է բերել տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ ու այլ ռազմամթերք՝ շնորհիվ բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի։
Ապարանի բաժնում արձանագրվել է նռնականետ և ռազմամթերք կամավոր հանձնելու դեպք։
Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ երկու տարբեր անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Մոսին» տեսակի երկու հրազեն և ռազմամթերք։
Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։