ԵՄ երկրների մեծ մասը շարունակում է ռուսական գազ գնել. «Գազպրոմ»-ի ղեկավար
Եվրամիության երկրների մեծ մասը շարունակում է ռուսական գազ գնել։ Այս մասին ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Նրա խոսքով՝ էներգառեսուրս շարունակում են ստանալ անգամ այն երկրները, որոնք հայտարարել էին դրանից հրաժարվելու մասին։ Մատակարարումներն իրականացվում են Բաումգարտենի (Ավստրիա) բաշխիչ հաբի միջոցով, գազն այնտեղ է գնում Ուկրաինայի տարածքով՝ «Սուջա» կոմպրեսորային կայանով, ասել է Միլլերը։
«Իրականում ես չէի ցանկանա որեւէ թիվ նշել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մոլեկուլները մայրուղային գազատարում ազգային երանգավորում չունեն»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով լրագրող Իվան Զարուբինի հարցին։ Նա ընդգծել է, որ վառելիքից օգտվում են անգամ այն երկրները, որոնք «հայտարարել են, որ պաշտոնապես հրաժարվում են ռուսական գազից»։
Նոյեմբերի 8-ին ԵՄ երկրների ստորգետնյա պահեստարաններում 109,83 մլրդ խորանարդ մետր գազ կար։ ԵՄ գազի պաշարները հասել են նոր պատմական առավելագույնի՝ 99,6 տոկոսի (9,84 տոկոսային կետով ավելի, քան միջինը հինգ տարվա ընթացքում)։