Բրիտանուհին ծննդաբերել է կոմայի մեջ և չի ճանաչել երեխային
Բրիտանացի կինը ծանր վարակի պատճառով ծննդաբերել է կոմայի մեջ և երբ արթնացել է, չի ճանաչել դստերը։ Այս մասին հայտնում է Wales Online-ը։
Հարավային Յորքշիր նահանգի Դոնկաստեր քաղաքից 31-ամյա Բեքի Պրուտը 27 շաբաթական հղի է եղել, երբ նրա վիճակը սկսել է կտրուկ վատանալ։ Նրա զուգընկերոջ՝ Չադ Մալինգայի խոսքով, նրանք հուլիսի 22-ին ճաշում էին ռեստորանում, երբ Պրուտը հանկարծ սկսել է խոսել ամերիկյան առոգանությամբ։
«Նա ասես դարձավ ամերիկուհի, թեև իրականում ամերիկուհի չէ, նա Դոնկաստերից է: Նրա առոգանությունն ու բնավորությունը փոխվել էին։ Կարծես նա բոլորովին այլ մարդ էր դարձել»,- ասել է Մալինգան:
Պրուտը սկսել է իրեն տարօրինակ պահել, իսկ որոշ ժամանակ անց երկու նոպա է ունեցել։ Կինը հայտնվել է հիվանդանոցում, որտեղ բժիշկները նրան դրել են ինդուկտիվ կոմայի մեջ։ Շուտով նրա մոտ ախտորոշվել է հակա-NMDA ընկալիչ էնցեֆալիտ՝ էնցեֆալիտի ծանր, սուր ձև, որը կարող է մահացու լինել:
«Նյարդաբանն ասաց, որ սա շատ, շատ հազվադեպ հիվանդություն է, և որ աշխարհում գրանցվել է ընդամենը 30 դեպք», – ավելացրել է Մալինգան:
Մի քանի շաբաթ անց՝ օգոստոսի 18-ին, հղիության բարդությունների պատճառով բժիշկները որոշել են Պրուտին կեսարյան հատում կատարել։ Այդ պահին կինը կոմայի մեջ է եղել։ Ավելի ուշ ՄՌՏ արդյունքները ցույց են տվել, որ բրիտանուհու ձվարանում կա կիստա, որը, ըստ բժիշկների, առաջացրել է էնցեֆալիտի սուր ձևի զարգացում։ Վիրաբույժները հեռացրել են կիստան, իսկ դստեր ծնվելուց մեկ ամիս անց Պրուտը ուշքի է եկել։
Մալինգան ասել է, որ կնոջ ապաքինումը կարող է տևել մինչև հինգ տարի: Ներկայումս բրիտանուհու ինքնազգացողությունը բարելավվում է, սակայն նա դեռ անկողնային վիճակում է և հաճախ չի ճանաչում դստերը։
«Նա գրկում է երեխային, իսկ ես ասում եմ՝ տես, դու աշխարհի ամենալավ մայրիկն ես։ Եվ երեք-չորս րոպե անց նա ասում է՝ ա իմ երեխան չէ», – պատմել է Պրուտի զուգընկերը:
Այժմ Մալինգան դստեր հետ ապրում է հիվանդանոցի մոտ գտնվող բնակարանում և գտնվում է ծանր ֆինանսական և էմոցիոնալ վիճակում։
«Խենթություն է, որ երբեմնի լավ կյանքը կարող է այդքան արագ փոխվել», – ցավում է նա, փոխանցում է Shantnews-ը։