Փաշինյանի կողմից հրահանգ է իջել ՆԳՆ-ին՝ տուգանել բոլոր սննդի օբյեկտներին․ «Հրապարակ»
Դեռ 2022 թվականի մարտից հանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ անգամ բացօթյա սրճարաններում ծխելն արգելվեց: Այս որոշումն իհարկե մեծ քննադատությունների արժանացավ, քանի որ տրամաբանական չէ բացօթյա տարածքներում ծխելու արգելքը: Վերոնշյալ որոշումից հետո Հայաստանի բոլոր հանրային սննդի օբյեկտներում «մոխրաման» բառը մոռացվեց, բայց ծխելու մշակույթն առ այսօր շարունակում է մնալ: Շատ հաճախ ականատես ենք լինում, որ սրճարաններում, ռեստորաններում մարդիկ ծխում են՝ մոխրամանի փոխարեն այլ հարմարանք օգտագործելով: Ստացվում է, որ այս օրինագիծը՝ որպես ծխելն արգելող միջոց, իրեն չարդարացրեց, սակայն ահռելի գումարներ է բերում պետբյուջե, գրել է «Հրապարակ»-ը։
Լրատվամիջոցը տեղեկություններ ունի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ է իջել ՆԳՆ-ին՝ օրվա կտրվածքով մի քանի տասնյակ սննդի օբյեկտների տուգանելու համար:
Ոստիկաններից շատերն անգամ անհարմար են զգում մտնել սննդի կետեր և տնտեսվարողներին ու քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնել, սակայն ինչ արած, վարչապետի հրահանգն է, պետք է կատարեն, բյուջեն լցնեն, որպեսզի «չաղլիկ» աշխատավարձեր ստանան:
«Հրապարակը» հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարարություն, պարզելու համար, թե քանի՞ տնտեսվարող և քանի՞ քաղաքացի է տուգանվել սննդի օբյեկտներում ծխելու համար և որքա՞ն գումարի չափով:
Հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ն նշել է. «Ի պատասխան Ձեր 10.11.2023 թ. գրության տեղեկացնում ենք, որ ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 173.2-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և ստորաբաժանումների կողմից 2023 թվականին՝ նոյեմբերն 9-ի դրությամբ կազմվել է 9106 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որից՝ օբյեկտներում՝ 1016, այլ վայրերում՝ 7602։ Տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ կազմվել է 488 արձանագրություն»: