Սան Ֆրանցիսկոյի փողոցներից հեռացնում են անօթևաններին
Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները աննախադեպ միջոցներ են ձեռնարկում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC-ի) գագաթնաժողովին նախապատրաստվելու նկատառությամբ՝ լայնածավալ գործողություն իրականացնելով քաղաքն անօթևաններից «մաքրելու» համար։ Արգելափակված է երթևեկությունը այն տարածքներում, որտեղ կանցկացվի համաժողովը։ Այդտեղ կանգնեցվելու են պողպատե ցանկապատեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները հայտնել էին, որ APEC-ի գագաթնաժողովի ընթացքում մտադիր են կացարաններ տրամադրել միջոցառման վայրին մոտ ապրող անօթեւաններին։ Միաժամանակ, նրանք չեն նախատեսում նոր ապաստարաններ բացել դրա համար՝ բյուջետային միջոցների բացակայության պատճառով, ուստի նրանց տեղավորելու հնարավորությունները սահմանափակ են։
Նշվում է, որ Սան Ֆրանցիսկոյում կտրուկ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի APEC-ի առևտրային գագաթնաժողովի համաշխարհային բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված չլինեն շփվել անօթևանների ու թափառաշրջիկների հետ։
Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում առաջնորդների շաբաթը կմեկնարկի շաբաթ օրը: Միջոցառումը, որը կանցկացվի նոյեմբերի 11-17-ն, ազդարարում է կազմակերպությունում ԱՄՆ-ի նախագահության մեկ տարվա ավարտը: