Հունգարիան ազգային խորհրդակցություն կանցկացնի՝ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցով
Հունգարիայում կայանալիք ազգային խորհրդակցության հարցերից մեկը նվիրված կլինի Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցությանը։ Հունգարացիներին կհարցնեն, թե արդյոք նրանք ցանկանում են Կիևին տեսնել համայնքում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին ասել է Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղար Տամաշ Մենցերը, ով պատասխանատու է երկկողմ հարաբերությունների համար։
«Ձեր կարծիքով՝ Ուկրաինայի տեղը Եվրամիությունո՞ւմ է։ Ձեր կարծիքը արտահայտե՛ք ազգային խորհրդակցության ժամանակ, որը շուտով կսկսվի», - ասել է Մենցերն իր տեսաուղերձում։
Նա նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին այժմ կնշանակի ռազմական գործողությունների տեղափոխում համայնքի տարածք։ Բացի այդ, Մենցերն ընդգծել է, որ Ուկրաինան խախտում է Անդրկարպատիայում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքները, և եթե Կիևն անդամագրվի ԵՄ-ին, ապա նրան պետք է հատկացնի եվրոպական ռեսուրսների զգալի մասը։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր ազգային խորհրդակցության մեկնարկի մասին, որի ընթացքում կպարզվի երկրի բնակչության կարծիքը Ուկրաինային աջակցելու, ԵՄ-ին նրա անդամակցության, նրան զենք ուղարկելու, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի մատակարարման վերաբերյալ։