Բաքվի ԱԳՆ հայտարարությունը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Պաշտոնական Բաքուն դատապարտել և մերժել է Փաշինյանի մեղադրանքները օկուպացված Արցախի Հանրապետության քաղաքացիների էթնիկ զտումների վերաբերյալ։
«Հայաստանը, որը շուրջ 30 տարի վարում է ագրեսիվ քաղաքականություն՝ ոտնահարելով գրեթե մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները և իրագործելով աննախադեպ «ցեղասպանություն» (չակերտները՝ Iravaban.net-ի) »,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հայ բնակիչների բռնի տեղահանման մեղադրանքները հակասում են ՄԱԿ-ի ներկայացուցիչների զեկույցներին և հայտարարություններին։
ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին հրաժարվել իբրև թե «ագրեսիվ կեղծ հռետորաբանությունից» և օգտագործել հնարավորությունները Հարավային Կովկասը խաղաղության և համագործակցության տարածաշրջանի վերածելու համար՝ հիշեցնելով հինգ հիմնական սկզբունքների վրա հիմնված խաղաղության մասին առաջարկը։
Ադրբեջանը հույս է հայտնել, որ Հայաստանի կողմից համարժեք արձագանք կլինի հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու Ադրբեջանի կոչերին։