«Վրաստանը չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում»․ Ղարիբաշվիլի
Վրաստանը 100 տոկոսով չեզոք է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում և չի սատարելու կողմերից ոչ մեկին, Փարիզում Խաղաղության ֆորումի շրջանակներում կայացած քննարկման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Վրաստանը ռազմավարական գործընկերություն, բարեկամական հարաբերություններ ունի Ադրբեջանի, ինչպես նաև մեր եղբայրական Հայաստանի հետ: Վրաստանը չի կարող կողմնակալ լինել: Մենք 100 տոկոսով չեզոք ենք և չենք աջակցի կողմերից որևէ մեկին այս իրավիճակում»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանի դիրքորոշմանը ծանոթ են և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մեր պաշտպանական մեխանիզմները չեզոքությունն են և անաչառ դիրքորոշումը, ինչը կարևոր է մեր տարածաշրջանում և բխում է բոլոր երեք երկրների շահերից»,- ասել է Ղարիբաշվիլին: