Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի նախագահի հրաժարվելը, կարծում եմ՝ արդեն համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր. Փաշինյան
Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի պանելային քննարկումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Գրանադայի հանդիպմանը: Պատասխանելով մոդերատոր, «Մոնտեին ինստիտուտի» հատուկ խորհրդական Միշել Դյուկլոզի այն դիտարկմանը, թե որոշ մարդիկ ասում են, որ Եվրոպական առաջնորդները, այդ թվում՝ Ֆրանսիան, սխալ են գործել, օրինակ` Թուրքիային կամ այլոց չհրավիրելով՝ նա ասել է.
«Փաստն այն է, որ Գրանադայի հանդիպումն ու դրա ֆորմատը համաձայնեցվել էին դեռևս 2023 թ. հուլիսի 15-ին` Բրյուսելում։
Հետևաբար, այստեղ մեկ շաբաթ կամ տասն օր, կամ նույնիսկ մեկ ամիս առաջվա պլանավորման հարց չէր։ Մենք երեքս՝ նախագահ Միշելը, նախագահ Ալիևը և ես, համաձայնության էինք հասել դրա մասին, և մենք նախնական համաձայնություն ունեինք Գրանադայի հանդիպման ֆորմատի վերաբերյալ, ինչը, կարծեմ` տեղի էր ունեցել հունիսին։ Այնտեղ տեղի ունեցավ առաջին հնգակողմ հանդիպումը, և նախնական համաձայնության հասանք, որ հաջորդ հնգակողմ հանդիպումը տեղի կունենա: Շատ կարևոր հանգամանք է, որ մասնակիցների ցանկն այդտեղ որոշվել էր, և դրանից հետո` հուլիսի 15-ին, մենք վերահաստատեցինք դա Բրյուսելում։ Իմիջիայլոց, դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել էր։
Մենք չգիտեինք, ինձ տեղյակ չէին պահել, որ կա այլ օրակարգ, քանի որ երբ մենք նախապատրաստվում էինք Գրանադայի հանդիպմանը, ընկալումն այնպիսին էր, որ ամեն ինչ համաձայնեցված է։
Գրանադայի հանդիպմանը մասնակցելուց Ադրբեջանի նախագահի հրաժարվելը, կարծում եմ՝ կապված չէր այլ հանգամանքների հետ, դա ընդամենն արդեն իսկ համաձայնեցված հարցի հասցեագրման խնդիր էր»։