Ջալալ Հարությունյանն ասել է՝ «պետք է, որ մերոնք լինեն», ոչ թե՝ «մերոնք են», իմաստային տարբերություն կա․ փաստաբան
Ջալալ Հարությունյանին ներկայացրած մեղադրանքում ներկայացված է՝ իբր Ջալալ Հարությունյանին երկու անգամ է Գենադի Բաղդասարյանը մոտեցել, առաջին անգամ Ջալալ Հարությունյանը իր սեղանին նստած իբր ասել է «մերոնք են», երկրորդ անգամ, իբր Ջալալ Հարությունյանը մոտեցել է քարտեզին, հետախույզների հետ քննարկել է, վերադարձել, ասել է՝ «մերոնք են»։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Գենադի Բաղդասարյանից բացի, այնտեղ եղել է ևս մեկ անձ՝ Գենադի Բաղդասարյանի տեղակալը՝ պարոն Շարբաթյանը, ով ասում է՝ ես լսել եմ այդ խոսակցությունը։
Նա ասում է, որ երբ Ջալալ Հարությունյանին տրվել է այդ հարցադրումը, նա ասել է «պետք է, որ մերոնք լինեն», չի ասել «մերոնք են»։ Երբ առերեսման ժամանակ Շարբաթյանին հարցադրում արեցինք, թե բովանդակային, իմաստային տարբերություն տեսնո՞ւմ եք «հնարավոր է, որ մերոնք լինեն» և «պետք է, որ մերոնք լինեն» արտահայտությունների միջև և նա պատասխանել է, որ չի տեսնում այդ տաբերությունը։ Երեքից երկուսն ասում են, որ Ջալալ Հարությունյանը ասում է ոչ հաստատուն կերպով»,- ասաց փաստաբանը։
Սարդարյանի խոսքով՝ մեղադանքում տեղ է գտել միայն Գենադի Բաղդասարյանի ասածները և դուրս են մնացել Շարբաթյանի ու Ջալալ Հարությունյանի խոսքերը։