Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար. Արմեն Գրիգորյան
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, այս մասին «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը։ Մենք լսում ենք քաղաքացիական հասարակությանը ու փորձում ենք հասկանալ, թե Հայաստանի համար որոնք են լավագույն գործիքները, որ կարող են և՛ անվտանգություն, և՛ զարգացում ապահովել ու տարածաշրջանում ունենալ խաղաղություն»,- նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ որպես անվտանգության գործոն՝ կարևոր է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում։
«Դա ևս Հայաստան-ԵՄ կոնտեքստում հարաբերությունների ընդլանյման, անվտանգության ոլորտում երկխոսության մի գործիք է, որը շատ կարևոր է։ Կարծում եմ՝ այս միսիան փոխել է Հայաստանում հանրային ընկալումը Եվրոպայի նկատմամբ»,- նշեց Գրիգորյանը։
Նա ասաց, թե Հայաստանը համոզվել է, որ ժողովրդավարությունը լավագույն գործիքն է՝ հասցեագրելու ներքին խնդիրնեը։
«Հիմա մեր հանրության մեջ ամենամեծ հարցը դա է ՝ արդյո՞ք ժողովրդավարությունը նաև կարող է արտաքին անվտանգություն ապահովել։ Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը լուրջ աջակցություն ստանա՝ դիվեսիֆիկացնելու իր տնտեսությունը, դիվերսիֆիկացնելու անվտանգության ոլորտում իր ռեսուրսները»,- նշեց ՀՀ ԱԽ քարտուղարը։