Ավինյանը նախկին փոխքաղաքապետերին ճամփել է ոսկե մեդալներով
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ արդեն նախկին փոխքաղաքապետեր Գեւորգ Սիմոնյանը եւ Ստեփան Մաչյանը վերջին աշխատանքային օրը Երեւան համայնքին մատուցած բացառիկ ծառայությունների համար Տիգրան Ավինյանի կողմից պարգեւատրվել են ոսկե մեդալով։
Տեղեկությունը հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարման եւ բարեխիղճ գործունեության համար Երևանի քաղաքապետի տեղակալներ Ստեփան Մաչյանը եւ Գևորգ Սիմոնյանը պարգևատրել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,-ասաց Կոստանյանը։
Տիգրան Ավինյանն այսպես ասած՝ մեծահոգություն է ցուցաբերել, թույլ չտալով, որ տեղակալները հեռանան տխուր եւ չգնահատված։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը վարչության ֆիկտիվ հաստատմամբ որոշել է, որ ներկայիս փոխքաղաքապետեր Գևորգ Սիմոնյանն ու Ստեփան Մաչյանը հրաժեշտ կտան իրենց պաշտոններին, երկուսն էլ Ավինյանի շրջապատից են, նրա մտերիմները, ինչպես որ ներկայիս մյուս երկու քաղաքապետեր Լեւոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը։
Մաչյանի եւ Սիմոնյանի՝ իրենց պաշտոններում չվերանշանակվելու նպատակահարմարությունը պայմանավորված է նրանց նկատմամբ ընթացող քրեական գործընթացով։ Ամիսներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը անձամբ կազմում էր ավագանու ցուցակը, մենք գրել էինք, որ չնայած Ավինյանի գործադրած ջանքերին Փաշինյանը չի ընդառաջել նրա խնդրանքին, քանի որ իր համար սկզբունքային հարց է եղել Սիմոնյանին ընդհանրապես ցուցակում չընդգրկելը, ինչը թերեւս բնական էր, քանի որ չէր կարող Գեւորգ Սիմոնյանին քովիդի հայտնի գործով եւ՛ քավության նոխազ նշանակել, եւ՛ թույլ տալ , որ նա կուսակցության ավագանիում լինի, առավել եւս՝ բարձր պաշտոնի։
Հիշեցնենք ՝ 2023 թվականի մարտի 10-ին Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել էին, իսկ մինչ այդ խուզարկություն էր իրականացվել Սիմոնյանիքաղաքապետարանի աշխատասենյակում: Կալանավորված Գևորգ Սիմոնյանը Վերաքննիչ դատարանի որոշմամբ ապրիլի 27-ին ազատ է արձակվել։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի՝ Գևորգ Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: