Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը ԼՂ-ից հայերի բռնի տեղահանության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ողջունել է G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունը, որով Ադրբեջանին կոչ է արվել լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները:
«Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնային նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքների բավարարման համար՝ Գրանադայի հայտարարության համաձայն: Հայաստանն ունի այդպիսի պարտավորություն»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
Հիշեցնենք՝ Տոկիոյում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները: Արտգործնախարարաները նաև հրապարակել են հայտարարություն։
«Մենք լրջորեն մտահոգված ենք Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետևանքներով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ իր պարտավորությունները և ողջունում ենք տեղահանվածների անհետաձգելի մարդասիրական կարիքները բավարարելու միջազգային ջանքերը: Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության խթանմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգանքի, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ։