«Հրապարակ». ՔՊ խմբակցությունում ատամները սրած` սպասում են Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությունում ատամները սրած` սպասում են Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, ով օրերս պատգամավորի մանդատ ստացավ ու ազատ արձակվեց կալանքից։ Սակայն նա դեռ պետք է ԱԺ կանոնակարգով նախատեսված երդումը տա խորհրդարանում, որ պատգամավոր դառնա, եւ դա տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին մեկնարկող քառօրյայի ժամանակ:
Մեզ ասացին, որ վերեւից հրահանգել են՝ բոլորը ներկա գտնվեն այդ նիստին: Իսկ երեկ Անդրանիկ Քոչարյանը եթերում գրեթե ուղիղ տեքստով սպառնաց` թող գա տեսնի, թե «ինչպիսի տրամադրություններ կան իր ընտանիքի իրացրած քաղաքականության շուրջ» խորհրդարանում, եւ ինչպես են վերաբերվում իրենց ընտանիքին:
Պարզ է, որ ՔՊ-ականները «ելույթներ» են պատրաստել եւ հույս ունեն նորից թեժացնել իրենց սիրելի՝ «նախկիններ-ներկաներ» թեման եւ անգամ ձեռնամարտի նետվել, այս անգամ` Քոչարյանի որդու հետ: Իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներում հրապարակվող նյութերը դրա նախերգանքն են: Ի դեպ, վերջին շրջանում իշխանության ներսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ աղոտ քննարկումներ են գնում, եւ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ վարչության վերջին նիստին եւս այդ հարցը շոշափվել է, ու նա չի բացառել, որ նման որոշում կարող են կայացնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: