Վիլյամ Սարոյանի 115-ամյակի առթիվ Վանաձորի թատրոնում կբեմադրվի «Ոստրեն ու Մարգարիտը» ստեղծագործությունը
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 22-ին առաջնախաղ է. հանդիսատեսին կներկայացվի Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» մեկ գործողությամբ դրաման։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն նվիրված է հեղինակի 115-ամյակին։
«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընտանիքի պահպանման խորհուրդն է: Ընտանեկան դժվարին իրավիճակը գրողը ներկայացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երեխան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում: Մոռանալով իր մանկական խաղերն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադարձնելու մասին:
Սարոյան գրողի բարությունը չէր կարող անհայր թողնել փոքրիկ հերոսին: «Ոստրեն ու մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից մեկը:
Բեմադրության հեղինակն Արեն Օսիպյանն է, զգեստները և նկարչական ձևավորումը` Սարգիս Մանուկյանի, կոմպոզիտորը Գոռ Թադևոսյանն է, թարգմանությունը` Էլֆիք Զոհրաբյանի, հնչյունային օպերատորը Սեդրակ Զարգարյանն է, լուսային ձևավորումը` Աշոտ Գևորգյանի և Դավիթ Գալստյանի, պլաստիկ լուծումները` Արման Սաքանյանի:
Դերերում են Սարգիս Ավետիսյանը, Սարգիս Ալեքյանը, Մարիամ Ղևոնդյանը, Նոնա Սաֆարյանը, Վահրամ Խառատյանը, Արթուր Պապիկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը, Համլետ Գյուլզադյանը, Էլֆիք Զոհրաբյանը, Արման Սաքանյանը, Էդգար Բարսեղյանը, Դավիթ Պողոսյանը, Վազգեն Բադալյանը:
Ներկայացումը կյանքի է կոչվում Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ։
Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է «Թատերական Երևան» խորագրով դրամաշնորհային մրցույթը, որին ներկայացվել է 23 հայտ, ընտրվել է 9-ը։ Ընտրված թատերական նախագծերից է Վանաձորի դրամատիկական թատրոնի «Ոստրեն և Մարգարիտը» ներկայացումը։